Հայտարարություններ

Նորություններ

ՏԵԱՌԸՆԴԱՌԱՋԸ ԱԴԻԳԵԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ԲԵԼՈՐԵՉԵՆՍԿԻ ՇՐՋԱՆՈՒՄ | 2017-09-23


Փետրվարի 14-ին Հայ Առաքելական եկեղեցին նշեց Տեառնընդառաջը՝ յուրաքանչյուր հավատացյալի հանդիպման տոնը Տիրոջ հետ:
Տյառնընդառաջի (նշանակում է «Տիրոջն ընդառաջ գնալ» կամ «Տիրոջն ընդառաջ դուրս գալ») խորհուրդը Տիրոջն ընդառաջ գնալու հրավերն է. ինչպես նա` Քրիստոս, խոնարհվեց ու դեպի մեզ եկավ` մեր փրկության համար, այդպես էլ մենք պետք է գնանք Նրան ընդառաջ` աստվածահաճո գործեր կատարելով, մեր կյանքը նվիրելով Աստծուն, քայլելով Նրա ճանապարհով և դրանով արժանի դառնալով Տիրոջ պատկերին ու նմանությանը: Քրիստոսը հաղթեց մեղքի ու խավարի իշխանությանը, Նրա մարդկությամբ խոնարհվեց աստվածությունն ու աստվածությամբ բարձրացավ մարդկությունը, մենք փրկվեցինք ու հաշտվեցինք Տիրոջ հետ: Բելորեչենսկի շրջանում Հայ Առաքելական եկեղեցու հավատացյալները Տերունական այս տոնը սկսեցին նշել փետրվարի 13-ին, նրանք հավաքվել էին խուտոր Տերնովիի մուտքի մոտ տեղադրված խաչքարի մոտ: Տեր Մուշեղ քահանա Խաչատրյանը ներկա բոլոր հավատացյալներին ողջյունի խոսք ասաց և կարևորեց խուտորի բնակիչների կյանքում եկեղեցական և ազգային տոների հաճախակի նշելը, ինչը կնպաստի երիտասարդ սերնդի նախնիների ավանդույթներին մոտ մնալուն: Նախատոնակի արարողության ավարտին կատարվեց Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը: Երեխաները ներկայացրեցին փոքրիկ համերգ, որից հետո ներկաները թռան խարույկի վրայով:
Նույն օրը, Բելորեչենսկի եկեղեցու շրջակա տարածքը մարդաշատ էր: Հավաքվել էին ինչպես մատաղ, այնպես էլ ավագ սերնդի ներկայացուցիչներ: Բարի ավանդույթ է դարձել տոնակատարությանը հրավիրել բոլոր այն զույգերին, ովքեր պսակվել են տեղի եկեղեցում: Ծառայությունից հետո, արժանապատիվ Տեր Մուշեղ քահանա Խաչատրյանը հանդիսավոր կերպով շնորհավորեց ամուսնական զույգերին՝ տալով հուշանվերներ, որպես Աստծո օրհնանք և ընտանիքի ամրության խորհրդանիշ: Եկեղեցու կանթեղներից վերցված լույսով հոգևոր հովիվն ու եկեղեցու խաչքավոր Գևորգ Եսայանը վառեցին խարույկը: «Կովկաս» պարախմբի պարերով և հայոց լեզվի խմբի աշակերտների արտասանությամբ փետրվարյան ցուրտ օրը լցվեց ջերմությամբ և ուրախությամբ: Ազգային քոչարի պարով մեծ շրջան կազմեցին ավագներն ու երիտասարդները:
Մայկոպի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում արժանապատիվ Տեր Մուշեղ քահանա Խաչատրյանը կատարեց երեկոյան ժամերգություն, նախատոնակ և մոմերի օրհնության կարգ: Հավատացյալները վառված մոմերն իրենց հետ տարան տուն՝ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ: Տոնախմբությունը եկեղեցու տարածքում շարունակվեց խարույկի մոտ, որը վառեցին Տեր Հայրը և եկեղեցու խաչքավոր Արսեն Ավեդյանը:
«Նաիրի» պարային խումբն իր պարերով աչք շլացրեց: Եկեղեցու երիտասարդներն առաջին անգամ կազմակերպել էին զվարճալի մրցույթներ:
Փետրվարի 14-ին, հայկաշատ խուտոր Պրոլետարսկու Սբ. Հարություն եկեղեցում մատուցվեց սուրբ և անմահ պատարագ: Հավարտ պատարագի այստեղ նույնպես Տեր Հոր և եկեղեցու խաչքավոր Նիկոլայ Շեքերյանցի օգնությամբ վառվեց խարույկ: Տեառնընդառաջի լույսով ասես լուսավորվեցին հավատացյալների հոգիները և՛ ք. Մայկոպում, և՛ ք. Բելորեչենսկում, և՛ խ. Պրոլետարսկիում, և՛ խ. Տերնովիում:

Օրացույց

« »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր

Նախագծեր

ՍՈՒՐԲ ՄԱՐԻԱՄ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ՏԱՃԱՐ

Քաղաք Կրասնոդարում կառուցվում է Սուրբ Մարիամ Աստվա ..


Կարդալ ավելին